ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Մի խումբ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) և անհատներ համախմբվել են՝ ձևավորելու քաղաքացիական հասարակության դերակատարների գործընկերություն, որը կոչված է լինել Հայաստանի և Սփյուռքի իրապես անկախ և ազդեցիկ ՀԿ-ների, դոնորների և միջազգային կազմակերպությունների կոալիցիա:
Վերջին մի քանի տարիների ընթացքում դոնորներն ու քաղաքացիական հասարակության կառույցները հանդես են եկել օրենքի գերակայության, մամուլի անկախության, տեղեկատվության ազատության, մարդու իրավունքների և կրթության ոլորտներում օրենսդրության և քաղաքականության մշակման մի շարք նախաձեռնություններով: Այդ նախաձեռնությունները սերտորեն կապված են երկրի իրավական բարեփոխումների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդին (ԵԽ) անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման օրակարգի հետ: Դոնոր կազմակերպությունների ֆինանսավորած բազմաթիվ ծրագրերի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել է նշված ոլորտներում քաղաքականությանն առնչվող հետազոտություններ անցկացնելու, շահերի պաշտպանությամբ զբաղվելու, ինչպես նաև հանրությանը քննարկումներում ներգրավելու ներուժը:
Բարեփոխումներն առավել խորը, ազդեցիկ և արմատական դարձնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի ինտեգրման առավել հետևողական ընթացքն ապահովելու նպատակով, շահագրգիռ կողմերը պետք է համատեղեն իրենց ջանքերը բարեփոխումների անավարտ վիճակի մասին հասարակությանն իրազեկելու և փոփոխությունների այլընտրանքային, առավել հետևողական քայլեր առաջարկելու համար:
Նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես նորընտիր օրենսդիր մարմնի փորձի պակասով, այնպես էլ խնդրի բարդությամբ ու հրատապությամբ: "Գործընկերություն հանուն բաց հասարակության" անվամբ կոալիցիան կոչված է խթանելու և վերահսկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Այս նպատակին հասնելու ճանապարհին Գործընկերությունը նախաձեռնում է.
- Հանրային լայն քննարկումներ ԵԽ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք ներառում են երկրում տեղի ունեցող իրավական բարեփոխումների համապատասխանությունը ԵԽ-ի և միջազգային այլ կառույցների առջև ստանձնած պարտավորություններին, մամուլի ազատության և անկախության վիճակը, մարդու իրավունքները (հատկապես փոքրամասնությունների և խոցելի խմբերի), քաղաքացիական ազատությունների և տնտեսական զարգացման ոլորտները:
- Վերոհիշյալ ոլորտների քաղաքականության վերլուծություն և առաջարկությունների ներկայացում օրենսդիր և գործադիր մարմիններին:
- Փորձագետների ներգրավում այդ ոլորտներում կարիքների, իրավական դաշտի և մշակված քաղաքականության մասնագիտական գնահատման նպատակով:
- Տեղեկատվական գործունեություն` ուղղված բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև՝ դրանց շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ լայն հասարակության իրազեկմանը:
Կառուցվածքային առումով Գործընկերությունը քաղաքացիական հասարակության բոլոր այն շահագրգիռ ներկայացուցիչների բաց միավորում է, որոնք պատրաստ են ակտիվորեն մասնակցելու օրենսդրական նախագծերի և քաղաքականության մշակմանն ու դրանց լոբբինգի աշխատանքներին:
Գործընկերությունը ֆինանսական միջոցներ է որոնում և ստանում իր անդամների, դոնորների և միջազգային այլ կազմակերպությունների կողմից:
Գործընկերությունը ձգտում է աշխատանքներ ծավալել նաև Հայաստանի մարզերում և գործունեության համազոր մակարդակ ապահովել Երևանից դուրս: Այդ նպատակով, վերջինս կապեր է հաստատում և կհամագործակցի մարզային երկու-երեք հենակետերի հետ, որոնք կիրականացնեն Գործընկերության ծրագրերը Հայաստանի խոշոր քաղաքներում:
Գործընկերության կողմից առավել կարևորվող ոլորտները. Գործընկերությունը ձգտում է ներգրավել և զարգացնել երկրում առկա փորձագիտական ներուժը` օրենսդրի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներում ծառացող խնդիրներին արձագանքելու նպատակով: Դա նշանակում է, որ Գործընկերության կառուցվածքը կրկնում է Խորհրդարանի կառուցվածքը: Մենք համարում ենք, որ գոյություն ունեն փորձագիտական այնպիսի խմբեր, որոնք ունակ են խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներին զուգահեռ մշակել քաղաքականություն, քննության առնել և վերլուծել վերը թվարկած ոլորտներին առնչվող խնդիրները:
Միևնույն ժամանակ, Գործընկերության առաջնային խնդիրները ժողովրդավարական կառույցների ամրապնդումն ու բաց հասարակության արժեքների` իրավական պետության, անկախ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների, մարդու իրավունքների գերակայության և դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմների, քաղաքացիական ազատությունների ապահովումն ու տարածումն են:
Սրանք այն ոլորտներն են, որտեղ արդեն շոշափելի ներուժ է կուտակվել, եւ տարվող աշխատանքները հետագայում ուժեղացվելու են: Ոլորտները խմբավորվել են հետևյալ կերպ.
- Զանգվածային լրատվամիջոցներ, տեղեկատվության ազատություն, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, - Իրավական բարեփոխումներ, - Մարդու իրավունքների պաշտպանություն, - Կրթություն, գիտություն, մշակույթ, - Տնտեսական զարգացում, հանրային առողջապահություն, բնապահպանություն, - Տարածաշրջանային համագործակցություն: |