<<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնության կողմից 2009 թ. փետրվարի 20ին կազմակերպած քննարկումների ժամանակ մի շարք մարդու իրավունքների կազմակերպություններ և փորձագետներ արտահայտեցին այն կարծիքը, որ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից առաջարկած <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքում փոփոխությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության համար: Քննարկմանը զեկուցումով հանդես են եկել Ստեփան Դանիելյանը, <<Համագործակցություն հանուն ժողովրդավարության>> ՀԿի նախագահ, Հրանուշ Խառատյանը, ազգագրագետ, Կառավարության կրոնի գործերով վարչության նախկին պետ, և Վարդան Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր, Ժառանգություն կուսակցության անդամ:
Ստեփան Դանիելյանը հոդված առ հոդված ներկայացրեց օրինագիծը: Ըստ պարոն Դանիելյանի, օրինագծի 5րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին: Այն հնչում է հետևյալ կերպ. <<Խղճի եւ կրոնի ազատության իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ հասարակության մյուս անդամների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար >>:
Ըստ պարոն Դանիելյանի, օրինագծի 9րդ հոդվածում <<պրոզելետիզմ/հոգեորսություն>> բառի առաջարկած ձևակերպումը, որը միջազգային իրավունքում իրավական սահմանում չունի, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Հոգեորսության այս ձևակերպման հիման վրա առաջարկվում է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի մեջ, որը խիստ ռեպրեսիվ բնույթ ունի եւ կարող է ըստ էության տարածվել ցանկացած կրոնական գործունեության վրա: Ավելին, այն կարող է տարածվել գիտական ուսումնասիրությունների, գեղարվեստական գրականության, մամուլում հրապարակումների վրա: Նախագծի հեղինակ` ԱԺ պատգամավոր Ա.Աշոտյանը փետրվարի 13-ին ԱԺ–ում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սահմանման հիմք է վերցվել Միջեկեղեցական խորհրդի սահմանումը: Միջեկեղեցական խորհրդի սահմանումները իրավական ուժ, սակայն, չեն կարող ունենալ:
Պարոն Դանիելյանը նաև հավելեց, որ անընդունելի է Եկեղեցուն շնորհել <<պետական ֆունկցիաներ>>` գործող օրենքի 17րդ հոդվածում <<բ>> և <<գ>> կետերի վերջում լրացնելով <<բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի>> բառերը: Եթե «բ» կետում սահմանադրությունը թույլատրում է /տես սահմանադրության Հոդված 26/ օրենքով սահմանափակել կրոնական ազատությունները, ապա «գ» կետում նման լրացում սահմանադրությունը թույլ չի տալիս /տես սահմանադրության հոդված 8,1/: Փաստորեն «գ» կետում նման փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է և հնարավորություն է տալիս, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը և կատարի պետական ֆունկցիաներ: Այս փոփոխության առաջարկությունը համահունչ է Նախագծի հոդված 7-ում առաջարկվող փափոխությանը` ըստ էության աշխարհիկ պետությունից դեպի կրոնապետություն անցում կատարելուն: Այս փոփոխությունը հակասահմանադրական է և հակասում է Եկեղեցու` պետությունից անկախ լինելուն:
Տիկին Հրանուշ Խառատյանը նշեց, որ օրինագծում նոր փոփոխություններ մտցնելը էլ ավելի բացթողումներ և թերություններ է առաջացնում: Տիկին Խառատյանը հավելեց, որ նախքան օրենքում փոփոխություններ կատարելը, օրինագծի հեղինակները պետք է այն մի խումբ փորձագետների հետ քննարկեին` խուսափելու ՀՀ Սահմանադրության և միջազգային մարդու իրավունքների կոնվենիցիաների հետ դրանց անհամապատասխանությունից: Տիկին Խառատյանը <<պոպուլիստական>> անվանեց օրինագծի այն հայտարարությունները, ըստ որոնց փոփոխությունները միտված էին պաշտպանելու Հայկական առաքելական եկեղեցին և նրա արդյունավետությունը:
Վարդան Խաչատրյանը ասաց, որ ինքը ԱԺ միակ մասնագիտությամբ աստվածաբանն է, սակայն իրեն չեն ներգրավվել նախագծի աշխատանքային խմբում: Նա ասաց, որ նախագիծը համարում է խիստ վտանգավոր, որը կարող է պառակտել հասարակությունը:
Զեկուցողները նշել են, որ բոլոր վերը նշված սահմանունմերը հակասում են ՀՀ Սահմանադրության` խոսքի, կրոնի ազատություների և ազատ արտահայտվելու իրավունքի մասին հոդվածներին:
Քննարկմանը մասնակցել է մոտ 150 մարդ` Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ այլն: Ելույթ են ունեցել մոտ 10 կրոնական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Քննարկմանը անդրադարձել են Հայաստանի և արտասահմանի ԶԼՄ-ներ: