“Գործընկերություն հանուն բաց հասարակության” կոալիցիայի շրջանակներում միավորված քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ սույնով հայտնում են իրենց կարծիքը այն մասին, որ վերջերս Հայաստանը՝ ԱՊՀ մի շարք այլ երկրների հետ միասին, պահանջել է փոփոխություններ մտցնել ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների դիտարկման կարգի մեջ։
Մենք դա դիտարկում ենք որպես ևս մի նահանջ ժողովրդավարությունից և երկրի հետագա մեկուսացում Եվրոպական ինտեգրացիայից։ Մենք կարծում ենք, որ դա վնասակար զարգացում է հնարավոր բոլոր տեսակետներից՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմավարական և հասարակական։ Դեռևս պարզ չէ, թե այդ ապակառուցողական փորձը որքան վնաս է հասցնելու ԵԱՀԿ-ին, որը միջազգային ամենավստահելի կազմակերպություններից է։ Սակայն դա, անկասկած, ավելի մեծ վնաս է հասցնելու և արդեն հասցրել է Հայաստանին։ Հայաստանի իշխանությունների այդ քայլն էլ ավելի է հեռացնում մեր երկիրը զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներից, երբ առաջինները հանդես են գալիս ի օգուտ փակ ընտրական գործընթացների, որոնք հաշվետու չեն երկրի ժողովրդի առջև, այն էլ մի երկրի, որը դեռ ոչ մի իրապես ազատ և արդար ժողովրդավարական ընտրություններ չի անցկացրել։ Դա ցույց է տալիս, թե որքան քիչ են Հայաստանի իշխանությունները մտածում միջազգային չափանիշները պահպանելու մասին։ Ավելին, դա բացասաբար է անդրադառնում հայաստանյան հանրության կողմից իշխանությունների հանդեպ արդեն իսկ ցածր մակարդակի վրա գտնվող վստահության վրա առ այն, որ վերջիններս պարտաստակամություն ունեն իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։
Մենք չենք տեսնում որևէ պատճառ, որը ժողովրդավարական և բաց կառավարությանը, որն, ի դեպ, հայտարարում է, որ ցանկություն ունի երկիրը մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին և Եվրոպական համայնքին, կստիպեր պաշտպանել այն պահանջները, որոնք ոչ միայն կսահմանափակեն ընտրությունների դիտորդների թիվը, այլ նաև կազդեն գործընթացի անկախության վրա։ 2007 թ.-ի մայիսի 13-ից ի վեր Հայաստանի իշխանությունները բազմիցս անդրադարձել են խորհրդարանական ընտրություններին տրված դրական գնահատականին։ Նրանք պնդում են, որ միջազգայնորեն ընդունվել է, որ տեղի է ունեցել ժողովրդավարական զգալի առաջընթաց։ Նրանք այդ գնահատականն օգտագործել են ,,Հազարամյակի մարտահրավերների,, ծրագրի պահանջներին բավարարելը և Եվրոպական հարևանության ծրագիրն ընդունելը արդարացնելու համար։ Կարելի էր մտածել, որ, հաջողությամբ ,հանձնելով քննությունըե, Հայաստանի կառավարությունը կողջուներ բացության գոնե միևնույն մակարդակը պահպանելու հնարավորությունը։ Ի՞նչ կատարվեց վերջին մի քանի ամիսների ընթացքում, որը ստիպեց իշխանություններին հետ կանգնել ընտրությունների գնահատման այն գործընթացից, որն այդքան շատ օգտագործվել է ի օգուտ նրանց։
Ենթադրվող պատասխանները շատ են, և դրանք, ցավոք, հարիր չեն Հայաստանի իշխանություններին։ Առաջիկա նախագահական ընտրություններն այդ ենթադրություններն էլ ավելի ոչ գովելի են դարձնում։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն տեսնում միջազգային ասպարեզում ձեռնարկվող իր քայլերը պարզաբանելու կարիքը։ Իշխանությունները որևէ բացատրություն չեն տալիս նաև ոչ պարզ և վիճելի քայլերի համար։ Հայաստանում հանրային քաղաքականության բաց գործընթացների պայմաններում (գործընթացներ, որոնք այնպես էլ մութ կմնան մինչև պետական պաշտոնյաները չընտրվեն մրցակցային, ազատ և արդար ընտրական գործընթացների միջոցով), Հայաստանի ժողովրդին մնում է՝ Հայաստանի իշխանությունների դրդապատճառները հասկանալու փորձեր կատարելիս, ապավինել հին խորհրդային գուշակելու խաղին։
Չնայած, որ դրդապատճառները պարզ են, այնունամենայնիվ, ժողովրդավարությանը և Հայաստանի բացությանը հասցրած վնասը բավականին պարզ է։ Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, բողոքում ենք նրա դեմ, որ Հայաստանի իշխանությունները կուրորեն հետևում են ժողովրդին վնաս հասցնող նախաձեռնություններին։
ՀԳ
Երբ սույն հայտարարության տեքստն արդեն պատրաստ էր, արտգործնախարար Օսկանյանը բացատրեց այդ նախաձեռնությանը միանալու ՀՀ կառավարության պատճառը։ Ըստ պարոն Օսկանյանի, դա արվել է երկարաժամկետ դիտորդների թիվը սահմանափակելու ճանապարհով միջոցներ խնայելու նպատակով։ Պարզ չէ սակայն, թե տվյալ նախաձեռնության այլ, ոչ պակաս կարևոր դրույթները (օրինակ՝ ԵԱՀԿ/ODHIR –ի դիտորդների զեկույցը նախապես կառավարության հաստատմանը ներկայացնելու առաջարկը) ինչպես են նպաստելու միջոցներ խնայելուն։ Կարելի է միայն ենթադրել...