Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի մշակման գործում ՀՀ կառավարության հետ համագործակցության վերաբերյալ
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը` կազմված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից,
Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը գնահատելով որպես Հայաստանի Հանրապետությանը ընձեռված բացառիկ հնարավորություն` երկրում իրականացնելու ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ,
կարևորելով Հայաստանի հետագա ինտեգրվելը Եվրոպական համայնքին և համարելով այն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն,
ծրագրի հիմնական նպատակը համարելով ժողովրդավարական և իրավական պետության, ազատ մրցակցության վրա հենված շուկայական հարաբերությունների գործուն ինստիտուտների և մեխանիզմների ստեղծումը,
կարևորելով Հայաստանի Հանրապետության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների այնպիսի ծրագրի մշակումը, որը հաշվի առնելով ժողովրդավարական երկրների փորձը, միաժամանակ հիմնված կլինի Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունների վրա,
կարևորելով այն, որ ի տարբերություն նախընթաց տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերի, Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում, և որպես այդպիսին, ունի համապարփակ բնույթ,
հայտարարում է, որ
Հայաստանի Հանրապետության Գործողությունների ծրագրում առանց ստորև ներկայացված հիմնախնդիրների ամրագրման և նախանշված եղանակներով դրանց լուծման, անհնար կլինի հասնել հռչակված նպատակների իրականացմանը:
Ժողովրդավարության և օրենքի գերակայության ինստիտուտներ
- իրականացնել ժողովրդավարության և իրավական պետության չափանիշներին համապատասխանող սահմանադրական բարեփոխումներ, ապահովելով իշխանությունների տարանջատման և հավասարակշռության գործուն մեխանիզմներ և արդյունավետ վարչա-կառավարչական ղեկավարում՝ առաջնորդվելով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով.
-ապահովել խոսքի ու տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքի իրականացումը և հանրային ռադիոյում ու հեռուստատեսությունում բազմակարծությունը, իրականացնել հեռարձակման բնագավառի գործունեությունը կարգավորող անկախ մարմինների ձևավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներ.
-իրականացնել Եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրական օրենսգրքի բարեփոխումներ և ապահովել
Ազգային ժողովի, Հանրապետության Նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ազատ և արդար ընտրություններ.
-իրականացնել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներին համապատասխան բարեփոխումներ տեղական ինքնակառավարման ոլորտում, ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և նրանց ֆինանսական ներուժի հզորացումը.
-ամրագրել Երևան քաղաքի կարգավիճակը որպես համայնք և սահմանել Երևանի ավագանու և քաղաքապետի ուղղակի ընտրությունները:
Դատաիրավական բարեփոխումներ
-իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող դատական բարեփոխումներ.
- ապահովել դատական իշխանության անկախությունը, անաչառությունը և պատշաճ ֆինանսավորումը.
-ամրագրել գործադիր և օրենսդիր իշխանություններից անկախ Արդարադատության խորհրդի կարգավիճակը՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավոր և նախատեսել, որ դատավորի մասնագիտական գործունեության բոլոր հարցերում Արդարադատության խորհուրդը վերջնական որոշում կայացնող մարմինն է:
Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ
-ապահովել մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և մարդու իրավունքների փաստացի վիճակի համապատասխանությունը ՄԱԿ-ի և Եվրոպական կոնվենցիաներին.
- մասնավորապես փոփոխություններ կատարել Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին օրենքներում.
-քրեական և վարչական օրենսգրքերի փոփոխության արդյունքում բացառել հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու, զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված քրեական պատասխանատվությունը և մարդու ազատության ցանկացած սահմանափակում.
-ապահովել ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում, նախնական կալանքի և քրեական պատիժներ իրականացնող հիմնարկներում՝ տանջանքների և անմարդկային վերաբերմունքների իսպառ վերացումը:
Միաժամանակ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը՝ իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու ինչպես վերոհիշյալ հիմնախնդիրների այնպես էլ, Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում արծարծված այլ խնդիրների մշակմանը:
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կարծում է, որ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների խրախուսման հետ մեկտեղ Եվրամիությունը պետք է վերանայի իր կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, ուղղելով այն Գործողությունների ծրագրում նշված հիմնախնդիրների իրականացմանը, ինչպես նաև պետք է ապահովի ծրագրի իրականացման գործում ՀՀ կառավարության առաջընթացի մոնիտորինգը համաձայն հստակ սահմանված չափանիշների: Գործընկերությունը սերտորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի առջև Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունների կատարման առաջընթացի քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիտորինգում և նախատեսում է նույն կերպով ներգրավված լինել Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի մոնիտորինգում: Մոնիտորինգի արդյունքները կլինեն բաց և թափանցիկ, և կներկայացվեն հետաքրքրված Եվրամիության պաշտոնյաներին: