"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը շնորհավորում է զանգվածային լրատվության բնագավառի բոլոր աշխատողներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Վերլուծելով Հայաստանի ԶԼՄ ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք արձանագրում ենք.
1. 2003 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց բնագավառին անմիջականորեն առնչվող երկու օրենք՝ "Տեղեկատվության ազատության մասին" եւ "Զանգվածային լրատվության մասին": Երկու փաստաթղթերն էլ ընդունվեցին հասարակական երկխոսության արդյունքում եւ հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին: Միեւնույն ժամանակ, մտահոգում է այն, որ լրագրողական հանրության եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանն արժանացած "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" ՀՀ օրենքի փոփոխությունները ոչ սկզբունքային, մակերեսային բնույթի էին եւ չլուծեցին գլխավոր խնդիրը՝ երկու կարգավորող մարմինների՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը: Օրենսդրության ոլորտում անհանգստության տեղիք է տալիս նաեւ այն, որ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կիրառումն ըստ էության հետաձգվում է, որովհետեւ կառավարությունը մինչեւ օրս չի կատարել օրենքի պահանջը՝ չի հաստատել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը: Եվ վերջապես, ընդունելով լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող բավականին առաջադիմական դրույթներ պարունակող օրենքներ, իշխանությունները պետք է կատարեին փոփոխություններ նաեւ այլ օրենքներում եւ դրանք նույնպես համապատասխանեցնեին միջազգային չափանիշներին ու նոր ընդունված օրենքներին: Խոսքը, մասնավորապես, 2003 թվականին ընդունված նոր "Քրեական օրենսգրքի" մասին է, որը պարունակում է զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող հոդվածներ (հ.հ. 135, 136, 318), որոնք վտանգում են խոսքի ազատությունը եւ կարող են մամուլին մղել ինքնագրաքննության:
2. 2003 թվականի ընթացքում անցկացված լիցենզավորման մրցույթների արդյունքներով "Ա1+" հեռուստաընկերությանը հետեւողականորեն հաճախականություն չտրամադրելը մեկ անգամ եւս փաստեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի առաջնորդվում օբյեկտիվության եւ անկողմնակալության սկզբունքներով: Ավելին՝ Ազգային հանձնաժողովը մերժեց անգամ մրցույթներից մեկին խորհրդատվական ձայնի իրավունքով անկախ փորձագետներ ներգրավելու հասարակական կազմակերպությունների առաջարկությունը, թեպետ նման կարգ օրենքով նախատեսված է, իսկ փորձագետների ներկայությունը կապահովեր մրցույթի թափանցիկությունը:
3. Հայաստանի հանրային հեռուստատեսությունը շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդն ու խոսափողը: Այդ հեռուստաընկերությունը որդեգրել է գործող իշխանություններին գովերգելու եւ ընդդիմությանը փնովելու քաղաքականություն, չի ապահովում անաչառ ու անկողմնակալ լրատվություն, կարծիքների բազմազանություն:
4. Տպագիր մամուլը հիմնականում կատարում է բազմազան տեղեկատվություն տարածելու իր գործառույթը, սակայն թերթերի տպաքանակները փոքր են, դրանք առավելապես սպառվում են մայրաքաղաքում եւ մարզկենտրոններում: Մամուլը դեռեւս մնում է բեւեռացված եւ ներքաշված իշխանություն-ընդդիմություն քարոզչական պայքարում:
5. 2004 թվականի ապրիլի 5-ին եւ 12-ի լույս 13-ի գիշերը բռնություններ կիրառվեցին ընդդիմության հանրահավաքները լուսաբանող լրագրողների նկատմամբ: Եթե առաջին դեպքում լրագրողներին ծեծողները, լուսանկարչական սարքերը, տեսախցիկները խլողները քաղաքացիական հագուստով անձիք էին, ապա երկրորդ դեպքում բռնություններ իրականացնողները ոստիկաններ էին: Այդ հանցագործություններն իրականացնողներն առ այսօր բացահայտված եւ պատժված չեն, իսկ լրատվամիջոցների վնասները չեն փոխհատուցվել:
6."Ֆրիդըմ Հաուս" միջազգային հեղինակավոր կազմակերպությունը 2003 թվականի տվյալներով եւս հայաստանյան լրատվամիջոցները դասեց անազատների շարքում:
Մենք՝ "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեկ անգամ եւս պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժել ապրիլի 5-ին եւ 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների դեմ բռնություններ իրականացրած անձանց:
Մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք ապահովել լրատվամիջոցների եւ լրագրողների ազատ եւ անխոչընդոտ գործունեությունը, "Քրեական օրենսգրքից" հանել խոսքի ազատության համար վտանգավոր 135, 136 եւ 318 հոդվածները, իսկ մինչ այդ՝ ձեռնպահ մնալ դրանք կիրառելուց:
Մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք պայքարել ԶԼՄ բնագավառին առնչվող օրենսդրության կատարելագործման, խոսքի իրական ազատության հաստատման եւ իրապես անկախ մամուլի կայացման համար: